Էլթոն Ջոնի ժամանումը Մոսկվա միասեռականության դեմ օրենքի շուրջ նոր քննարկումներ է առաջացնելու. The American Blog
Էլթոն Ջոնի համերգը Մոսկվայում միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի շուրջ նոր քննարկումների պատճառ կարող է դառնալ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The American Blog-ին:
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հաստատել է, որ չեղյալ չի հայտարարելու Մոսկվայում դեկտեմբերին կայանալիք իր համերգը: Հոդվածագրի կարծիքով՝ նա դա օգտագործելու է որպես միջոց Ռուսաստանում նոր օրենքի մասին իր կարծիքը բարձրաձայնելու համար:
«Ես պետք է շատ լավ մտածեմ, թե ինչ եմ պատրաստվում ասել: Եթե արգելեք միասեռական հարաբերությունների ցանկացած դրսևորում, բոլոր գեյերին և լեսբուհիներին, ովքեր տանջվում են ձեր օրենքների պատճառով, կմեկուսացնեք աշխարհից: Որպես միասեռական՝ ես չեմ կարող մենակ թողնել այդ մարդկանց, և ես պետք է նրանց իմ աջակցությունը ցույց տամ: Ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա, բայց պետք է գնամ Մոսկվա»,- ասել է երգիչը Guardian-ին:
Հոդվածի հեղինակը կարծում է, որ Ռուսաստանի կառավարությունն օգտագործելու է «ամենահայտնի գեյին», որպեսզի ցույց տա աշխարհին, որ օրենքն ուղղված չէ միասեռականների դեմ, այլ նման զույգերի կողմից երեխաների որդեգրման և իրենց սեռական կողմնորոշման քարոզչության դեմ է:










