Ամերիկյան հայտնի Time ամսագրի գլխավոր խմբագիրն առաջին անգամ կին կլինի

10:16 • 18.09.13

Ամերիկյան հայտնի Time ամսագրի գլխավոր խմբագիրն առաջին անգամ կին կլինի, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Time պորտալին։

 

Նենսի Գիբսն ամսագրում աշխատում է արդեն 28 տարի, իսկ 2011-ից զբաղեցնում է գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը։

 

Time ամսագրի գլխավոր խմբագիրը Ռիչարդ Սթենգելն է եղել, որը երեքշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի հանրային դիվանագիտության և հասարակայնության հետ կապերի հարցերով տեղակալի պաշտոնի համար։

 

Գիբսը գրել է ամսագրի 174 գլխավոր հոդվածները. ավելի շատ, քան որևէ մեկ ուրիշը Time-ի գոյության ամբողջ պատմության ընթացքում։ Նա նաև ժամանակակից քաղաքականության պատմության մասին 2 ամենաշատ վաճառվող գրքերի համահեղինակն է։ Գիբսը գրում է ամենատարբեր թեմաներով՝ քաղաքականությունից մինչև երեխաների դաստիարակություն։

 

«Երկար տարիների ընթացքում Գիբսը գրել է ամենաբարդ հոդվածներն ամենասեղմ ժամկետներում, այդ ռեկորդը երբեք չի գերազանցվի»,- ասել է Սթենգելը։