Ամերիկացի սենատորներն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել խոշոր ռուսական բանկերի՝ «ՎՏԲ բանկի», «Վնեշէկոնոմբանկի» դեմ

09:16 • 18.09.13

Ամերիկացի սենատորները կոչ են արել Բարաք Օբամայի վարչակարգին պատժամիջոցներ սահմանել ամենախոշոր ռուսական բանկերի, այդ թվում՝ «Գազպրոմբանկի», «ՎՏԲ բանկի», «Վնեշէկոնոմբանկի» դեմ, որոնք, նրանց պնդմամբ, ֆինանսավորում են Սիրիայի իշխանություններին, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:

 

Սենատորներն այս մտահոգությամբ նամակ են հղել Ֆինանսների նախարարության ղեկավարին, նամակը ստորագրել է 4 դեմոկրատ սենատոր: 

 

Նրանք վստահ են, որ Սիրիայի իշխանությունները զենք են գնում ու քաղաքացիական պատերազմը շարունակում հենց այդ բանկերի փողով: Ըստ այդմ էլ առաջարկվում է սառեցնել այդ բանկերի ակտիվներն ԱՄՆ-ում, արգելել դրանց որևէ գործունեությունն ԱՄՆ-ի տարածքում և սահմանափակումներ մտցնել դրանց աշխատակիցների արտասահմանյան գործուղումների համար:

 

Ֆինանսների նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել նամակը, սակայն նշել են, որ Վաշինգտոնը Սիրիայի հարցում արդեն իսկ պատժամիջոցներ բանեցնում է:

 

Ամերիկացի սենատորներն իրենց երկրի իշխանություններին առաջարկել են նոր տիպի պատժամիջոցներ բանեցնել Սիրիայի հարցում: