Հանգստյան օրերին Apple-ն 9 մլն նոր iPhone է վաճառել
Անցած հանգստյան օրերին` սեպտեմբերի 20-22-ը, վաճառվել է 9 մլն հատ iPhone 5C և iPhone 5S սմարթֆոն. այս մասին այսօր հայտնել է Apple Inc ընկերությունը: Այսպիսով՝ արտադրողը սահմանել է նոր մարքեթինգային ռեկորդ,գրում է Forbes.ru-ն:
Սմարթֆոնների մատակարարումները շարունակվում են, թեև iPhone 5S-ի առաջին խմբաքանակն արդեն սպառվել է:
9 մլն սմարթֆոն` արդյունք, որը չէին կանխատեսում նույնիսկ ամենալավատես վերլուծաբանները, գրում է աղբյուրը:
Piper Jaffray ընկերությունից Ջին Մյունսթերն ակնկալում էր, որ առաջին հանգստյան օրերի ընթացքում նոր սմարթֆոնները կվաճառվեն 5-6 մլն օրինակով, իսկ Գլեն Յունգը՝ Citigroup Inc.-ից, հայտնում էր 7.75 մլն թիվը:
Փորձագետներն Apple-ի մարքեթինգային հաջողության հիմնական գործոնն են համարում այն փաստը, որ սմարթֆոնների սպառման մեկնարկի համար ընտրված երկրների շարքում ընդգրկվել է նաև Չինաստանը: Բացի այդ, սեպտեմբերի 20-ին վաճառքները սկսվել են ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Պուերտո Ռիկոյում, Մեծ Բրիտանիայում և Սինգապուրում:
Ընկերությունը համագործակցության պայմանագրեր է կնքել ավելի քան 270 բջջային օպերատորների հետ ամբողջ աշխարհում:










