Մատիտ, որից կանաչի ու բանջարեղեն է աճում (լուսանկարներ)
Պարզվում է, որ օգտագործման համար այլևս անպիտան մատիտները դեն նետելու փոխարեն դրանց համար կարելի է «գյուղատնտեսական» կիրառում գտնել, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողներ ստեղծել են Sprout («Ծիլ») էկոմատիտ, որի հնարավորություններն ուղղակի ապշեցնում են։

Մատիտները պատրաստված են մայրի (кедр) ծառի փայտից, և դրանք կարելի է օգտագործել որպես սովորական գրենական պիտույք՝ մինչև դրանց կարճանալը։ Իսկ կարճանալուց հետո մատիտի ծայրին տեղադրված հատուկ կապսուլի մեջ դրվում է ծաղկի, կանաչու կամ էլ բանջարեղենի 3 սերմնահատիկ։

Հետո անհրաժեշտ է մատիտը տնկել հողի մեջ ու կանոնավոր ջրել։
Արդյունքում պաշտպանական դեր կատարող կապսուլը տարրալուծվում է, ու սկսվում է սերմերի ծլարձակումը։

8 էկոմատիտներով մի տուփն արժե 20 դոլար. այն հնարավոր է ձեռք բերել Amazon.com կայքից։ Արտերկիր առաքելու համար հարկավոր է վճարել հավելյալ 5 դոլար։










