Պատերազմները զգալիորեն նպաստել են քաղաքակրթությունների զարգացմանը. հետազոտություն
Հին աշխարհում պատերազմները նպաստել են քաղաքակրթությունների զարգացմանը. նման եզրակացության են եկել Նոքսվիլի Թենեսի համալսարանի գիտնականները` մաթեմատիկական մոդելի օրինակով, որը բացատրում է քաղաքակրթությունների զարգացումը` երեք հազարամյակի կտրվածքով, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Հետազոտության շրջանը ներառում է մ.թ.ա 1500-ից մ.թ.1500-ը: Նշված մոդելի կազմման ժամանակ հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ագրոմշակույթի զարգացումը, տեղանքի տիպը, ռազմական տեխնոլոգիաները, մշակութային գործոնները և այլն: Կազմված մոդելը բավականին ճշգրիտ է եղել` ընդհանուր առմամբ համընկնելով իրական պատմական տվյալների հետ:
Քաղաքակրթությունների զարգացման հիմնական գործոնի որոնումներում գիտնականները մի քանի վարկած են առաջ քաշել, և եկել եզրակացության, որ պատմության գլխավոր լոկոմոտիվը եղել են պատերազմները և ռազմական տեխնոլոգիաների մատչելիությունը:
Այն դեպքում, երբ մոդելից հանվել է ռազմական նորարարությունների գործոնը, իրական պատմական գործընթացների հետ համընկնումների բաժինը կրճատվել է միանգամից մինչև 16 տոկոս:
Գիտնականների կարծիքով` նման հետազոտությունների միջոցով կարելի է պատմական օրինաչափությունները բացատրել մաթեմատիկական ճշգրտությամբ:










