Լատինական Ամերիկան ծրագրում է ստեղծել իր ինտերնետը
Լատինական Ամերիկայի երկրները ծրագրում են ստեղծել իրենց ինտերնետը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»` վկայակոչելով Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոյի հայտարարությունը:
Նախագիծն այժմ Լատինամերիկյան ժողովուրդների միության (կենտրոնակայանը` Կիտո, Էկվադոր) քննարկման փուլում է, իսկ նպատակն այդ կերպ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունից պաշտպանվելն է` այդ տարածաշրջանում վերջինիս հետախուզական գործունեությունից հետո:
Նոր հեռահաղորդակցության դաշտն էկվադորցի պաշտոնյան անվանել է «նոր պլատֆորմ լրտեսության ռիսկերի նվազեցման համար»:
Հաստատման դեպքում նոր ինտերնետ համակարգը կմիավորի միության մեջ ներառված 12 երկրների:
Ամերիկյան հետախուզության գործունեությունից տուժած Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ՄԱԿ-ում նախօրեին իր ելույթի ժամանակ ԱՄՆ-ին մեղադրել էր մարդու իրավունքները և միջազգային իրավունքը խախտելու համար: Իսկ իր անձնական էլեկտրոնային նամակագրություն ներխուժելու համար նա հետաձգել էր իր հանդիպումն Օբամայի հետ:










