Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է 3-րդ միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին
Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է 3-րդ միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ինչպես նաև` Եվրոպայի և Ասիայի լրագրողների մեդիակոնգրեսի խորհրդի նախագահ Աշոտ Ջազոյանի ուղեկցությամբ:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել նախաձեռնության կազմակերպիչներին` վստահություն հայտնելով, որ այն լավագույնս կնպաստի ժողովուրդների միջև բարեկամական կապերի զորացմանն ու զարգացմանը:
Տարբեր երկրներից Հայաստան ժամանած անվանի լրագրողներին ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և նրա հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատմությունն ու առաքելությունը` Վեհափառ Հայրապետն ընդգծել է այն կարևոր դերակատարությունը, որ Եկեղեցին ունեցել է հայ ժողովրդի ազգային ինքնության ձևավորման և պահպանման գործում:
Ի պատասխան լրագրողների հարցումների` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրել է Հայ Եկեղեցու ազգօգուտ ծառայությունը սոցիալական ոլորտում, նաև՝ Եկեղեցու խաղաղասիրական ջանքերն ի խնդիր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման:
Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել Եկեղեցու կրթադաստիարակչական գործունեությանը, նրա առջև ծառացած զանազան մարտահրավերներին և երկրի սոցիալ-տնտեսական կյանքին:










