Ադրբեջանցի ծայրահեղականները սպառնացել են «ռուսների հանդեպ համարժեք միջոցներ ձեռնարկել»

17:55 • 17.10.13

Ադրբեջանական այսպես կոչված՝ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» դատապարտել է Մոսկվայում սպանության համար կասկածվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովի գործի հետ կապված վերջին դեպքերը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Haqqin.az-ին:

 

Կազմակերպությունը հայտարարել է, որ Ռուսաստանում «հակաադրբեջանական արշավ» է ընթանում և պահանջել է, որ Ռուսաստանի կառավարությունը դադարեցնի այն: Այն զգուշացրել է, որ հակառակ դեպքում կարող են ձեռնարկվել «համարժեք միջոցառումներ» այն ռուսների նկատմամբ, որոնք ապրում են Ադրբեջանում:

 

Կազմակերպությունը նաև պահանջել է, որ ռուսական իշխանությունները փոխհատուցեն «սպանության դեպքին հաջորդած անկարգությունների հետևանքով ադրբեջանցիներին հասցված» վնասը: Բացի այդ, հայտարարության մեջ կոչ է արվում պատժել իրավապահ մարմինների աշխատակիցներին, «որոնք բռնություն են կիրառել Օրհան Զեյնալովի նկատմամբ»:

 

Կազմակերպությունը Ռուսաստանից պահանջել է արտահանձնել Զեյնալովին և նրան դատել հայրենիքում:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանում ռուսների հանդեպ այժմ «ոչ մի ճնշում չի իրականացվում»: Սակայն, հայտարարության հեղինակները խորհուրդ են տվել չփորձել «ադրբեջանցի ժողովրդի համբերությունը»: