Ֆրանսիացի կենտրոնամետներն առաջարկել են Օլանդին արձակել խորհրդարանը և հանրաքվե անցկացնել
Ֆրանսիայի կենտրոնամետ Անկախ ժողովրդավարական միությունը դիմել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ առաջարկելով հայտարարել խոհրդարանի արձակման ու համաժողովրդական հանրաքվեի անցկացման մասին, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Խորհրդարանի ստորին պալատում 30 տեղ ունեցող կուսակցության ղեկավար Ժան Լուի Բորլոոն գտնում է, որ կառավարությունը պետք է բավարարի իրենց պահանջը, քանի որ բնակչության շրջանում իշխանությունները շատ ցածր վարկանիշ ունեն։
«Նախագահը պետք է մտածի սրա մասին, քանի որ իրավիճակն ավելի քան երբևէ լուրջ է ու աննախադեպ»,-ասել է քաղաքական գործիչը՝ նշելով մի քանի սուր խնդիրներ, որոնք ապակայունացնում են իրավիճակը։ Դրանք են՝ տնտեսական ճգնաժամը, որը հանգեցնում է զանգվածային բողոքի ակցիաների, արմատական կուսակցությունների դիրքերի ամրապնդումը, հարկային դաշտում եղած խնդիրները։
2012թ. մայիսին ընտրված նախագահ Օլանդի վարկանիշը հոկտեմբերին հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի։ Ըստ սոցհարցումների ամենաթարմ տվյալների՝ ֆրանսիացիների միայն 26%-ն է նրան աջակցում։










