Զորի Բալայանը գիտակցում է, որ Պուտինին ուղղված նամակը Եռաբլուրի պղծումն է. ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյան (տեսանյութ)
Արցախյան մի խումբ ազատամարտիկների հրավիրած հերթական հանրահավաքին ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանն անդրադարձավ Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին՝ հայտարարելով. «Վստահ եմ, որ Բալայանը գիտակցում է, որ դա մեր նորագույն շրջանի ազգային, ազատագրական ողջ պայքարի ժխտումն է, Եռաբլուրի պղծումը»:
Խաչիկ Ավետիսյանի համոզմամբ՝ եթե կային հանգամանքներ, որոնք ստիպեցին Զորի Բալայանին՝ նման նամակով ու առաջարկով հանդես գալ, ապա մինչև նամակի հրապարակումը պետք է այդ մասին տեղեկացներ ազատամարտիկներին:
«Այդ ի՞նչ հրեշավոր աղետ է եղել, որ մի մտավորական՝ մոտիկ կանգնած իշխանությանը, արքունիքի լիիրավ անդամ, ղարաբաղյան կլանի ինտելեկտուալ ներկայացուցիչ, մեկ էլ բացահայտ ցուցաբերում է պարտվողական մոտեցում ղարաբաղյան հիմնահարցում»,-ասաց նա:
Վերջինս նաև նշեց, որ ինքը դեմ է կոնկրետ անձը քննարկելու մոտեցմանը, ինչպես նաև՝ նամակագրի կողմից ընտրած գրելաոճը քննադատության առարկա դարձնելուն: «Բալայնն իր ամբողջ կենսագրությամբ ապացուցել է, որ ինքը հայրենասեր մտավորական է: Նույնիսկ՝ եթե դա նեղ հայրենասիրություն է՝ նվիրված միայն Արցախին: Մինչև Ղարաբաղի շարժման սկիզբը մեզնից շատերը Ղարաբաղի տեղն էլ չգիտեին: Շնորհիվ այդ մարդու գործունեության ՝ լուսաբանվեց ղարաբաղյան հիմնահարցը: Ի՞նչ պատահեց, որ այդ հայրենասերը հանկարծ հրապարակայնորեն ապավինում է երրորդ ուժին՝ աղերսելով փրկություն Ղարաբաղի համար, և առաջարկում է փրկագինը սահմանել ոչ ավել, ոչ պակաս՝ Արցախի անկախությունը»,-ասաց Խաչիկ Ավետիսյանը:
Փոխգնդապետը նաև մտահոգություն հայտնեց ձերբակալված մարտական ընկերոջ՝ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի համար. «Ավետիսյանի շուրջն ստեղծված իրավիճակը գնալով՝ ավելի անհեթեթ է դառնում: Մենք երկրի սահմանները պաշտպանած հարյուրավոր ազատամարտիկների անունից դիմեցինք պետական պատկան մարմիններին՝ փոխելու խափանման միջոցը, երաշխավորելով, որ քննության համար խնդիրներ չեն ստեղծվի: Դրանից հետո խափանման միջոցն անփոփոխ թողնելն անընդունելի վիճակ է, պարզապես՝ խայտառակություն է»:
Նրա խոսքով՝ եթե ձերբակալված ազատամարտիկի հարցը թյուրիմացություն էր, ապա անհապաղ պետք է ուղղվի, եթե ոչ, ապա դա շատ լուրջ ազդանշան է, որ շատ պաշտոնյաներ կորցրել են իրենց կողմնորոշումները և չափանիշները:










