Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցների
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստին մասնակցած պատվիրակությունների ղեկավարներին, այս մասին տեղեկացնում է նախագահի գրասենյակի կայքը:
ՀՀ նախագահը կարևորել է մեր երկրում արդեն 4-րդ անգամ անցկացվող անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքը և նկատի առնելով ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում անվտանգության ապահովման արդիականությունն ու առաջնահերթությունը, ընդգծել է այդ ուղղությամբ ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ բոլոր ժամանակներում անվտանգությանն սպառնացող դրսևորումների դեմ պայքարի հարցերը մշտապես եղել են պետությունների ուշադրության կենտրոնում, և այդ առումով, նման կառույցների աշխատանքը մշտապես արդիական ու չափազանց կարևոր է:
Նախագահի համոզմամբ, ինչպես այս, այնպես էլ տարբեր ոլորտներում երկրների միջև համագործակցությունն զգալիորեն նպաստում է նաև միջպետական կապերի սերտացմանն ու ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը:
Հանդիպմանը Սերժ Սարգսյանի խնդրանքով, հյուրերը ներկայացրել են խորհրդի ծաղկաձորյան նիստում քննարկված հարցերն ու կայացված որոշումները:
Խորհրդի նախագահ, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքը ինչպես նախորդ նիստերի ժամանակ, այնպես էլ Ծաղկաձորում արդյունավետ է համարել։
Նա նաև նշել է, որ ժամանակակից աշխարհում անվտանգությանն սպառնացող արդի մարտահրավերների՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության և բազմաթիվ այլ վտանգավոր երևույթների դեմ պայքարում փոխգործակցությունը խորհրդի շրջանակներում դինամիկ զարգանում է:
Ալեքսանդր Բորտնիկովը կարևորել է նաև երկրների միջև փորձի փոխանակումը, ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքը:
Հանդիպման ավարտին նախագահը հաջողություններ է մաղթել խորհրդին հետագա աշխատանքում:










