Սիրիայի հարցով «Ժնև-2»-ի անցկացման օրն արդեն հայտնի է
Սիրիայում հակամարտության կարգավորմանը նվիրված միջազգային համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 23-24-ին՝ Ժնևում։
Այդ մասին հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ Կադրի Ջամիլը, հայտնում է Взгляд-ը։
«Համաժողովը կկայանա նոյեմբերի 23-24-ին»,-ասել է նա՝ ընգծելով, որ բանակցություններին մասնակցելու է «հիմնական քաղաքական ընդդիմությունը»։
Նա նաև մեկնաբանել է ընդդիմադիր հիմնական խմբավորումներից մեկի՝ Սիրիայի ազգային խորհրդի հրաժարվելը համաժողովին մասնակցությունից։
««Ժնև-2»-ին մասնակցելուց նրանց հրաժարվելն ազդեցություն չի ունենա դրա ժամկետների և անցկացման ձևաչափի վրա։ Նրանք, հավանաբար, կփոխեն իրենց որոշումը»,-ասել է փոխվարչապետը։
Համաժողովի անցկացման վերջնական ժամկետը, սակայն, պետք է որոշի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին։ Նա նախատեսում է բանակցել Սիրիայի իշխանության և ընդդիմության հետ՝ իսլամական տոնի ավարտից հետո։










