«Եթե իմ որդուն ծեծեն և ստորացնեն, ես կգամ ու կպայթեցնեմ ինձ». Զեյնալովի մայր

13:39 • 17.10.13

Մոսկվայի Բիրյուլևո շրջանում Եգոր Շչերբակովի սպանության կասկածյալ Օրհան Զեյնալովի մայրը կարծում է, որ իր որդու դեմ գործը շինծու է, գրում է kommersant.ru-ն:

 

«Նկարներում բացարձակ ուրիշ մարդ է եղել: Իսկ հետո տղայիս բռնել են: Մենք միշտ ռուսների հանդեպ հարգանքով ենք վերաբերվել: Ինչո՞ւ Օրհանը պետք է ուրիշի տղայի դանակահարեր: Նա լավ ընտանիքից է: Այս հարցը հատուկ են քաղաքականացնում, որպեսզի բոլոր ադրբեջանցիներին դուրս հանեն Ռուսաստանից, որովհետև նման միտում կա: Օրհանը կապ չունի այս հանցագործության հետ, դա սարքված է»,- ասել է Յասյամյան Զեյնալովան:

 

«Ես ցանկանում եմ դիմել Ռուսաստանի նախագահին, որպեսզի նա անձամբ վերահսկի այդ գործը, որովհետև այդ ամենը սարքված է: Մենք ռուսներին երբեք վատ չենք վերաբերվել, մենք ուս ուսի կռվել ենք Հայրենական պատերազմի ժամանակ»,-հավելել է նա։

 

Նա նշել է, որ կարևորը, որ իր որդուն չծեծեն ու չստորացնեն։

«Թե չէ ես կգամ և այնտեղ կպայթեցնեմ ինձ: Իմ արյունը կթափեմ այնտեղ: Խնդրում եմ, մի՛ ծեծեք նրան: Եթե նա մեղավոր է, նրան օրենքով դատեք»,- ասել է նա:

 

Նրա հայրը նույնպես չի հավատում, որ Օրհանն է կատարել այդ սպանությունը, գրում է Взгляд-ը: «Նա լավ, դաստիարակված տղա է, ավարտել է զինվորական ծառայությունը, կարգապահ է: Ինչպե՞ս կարող եմ ասել, որ այդ նա է սպանել»,- ասել է Զահիդ Զեյնալովը: