Կառավարությունն ուզում է խթանել ջերմոցային տնտեսությունները, բայց անտեսում է շահառուների շահերը

19:20 • 26.12.13

Կառավարությունը մի ձեռքով հավանություն է տալիս «ՀՀ գյուղացիական տնտեսություններում» ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգին, մյուս ձեռքով մերժում ոլորտի կայացման պատասխանատուների՝ «շահառուների» առաջարկները:

 

Մասնավորապես, «Ջերմոցատների ասոցիացիայի» տնօրեն Պողոս Գևորգյանը Գյուղնախարարության միջոցով բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել Կառավարությանը՝ ոլորտի զարգացման վերաբերյալ, սակայն «հօգուտ ջերմատների զարգացման» առաջարկները համատարած մերժվել են:

 

Առաջարկներից մեկը եղել է այն, որ իջեցվի գազի սակագնի շեմը մինչև 10.000 խ/մ սպառման համար, քանի որ միջին ու փոքր ջերմատներն այդքան գազ չեն սպառում:

 

«Գոնե սարքեն 5.000 էդ շեմը: Ես մի հատ օրինակ բերեմ՝ մարդիկ, որ կարողանան հասցնել 10.000-ի, դրել են, բաց են թողնում գազը օդ, մենակ գազը ֆռա, որ էժան կարանան գազը ստանան»,-ներկայացրեց Պողոս Գևորգյանը:

 

Հիշեցնենք, որ 10.000 խ/մ սպառման դեպքում «ՀայՌուսգազարդ»-ը գազը տնտեսվարող սուբյեկտին տրամադրում է 1000 խ/մ-ի համար ոչ թե 156 ԱՄՆ դոլարով, այլ շատ ավելի էժան:

 

Ըստ «Ջերմոցատների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահի՝ եղել է նաև առաջարկ, որ իսրայելական կազմակերպություններից մեկը, որի ջերմատները 30 տոկոսով պակաս գազ են օգտագործում և բարձր բերքատվություն են ստանում, իր տեխնոլոգիան ներդնի Հայաստանում: Իսրայելական կողմը պատրաստակամություն է դրսևորել 85%-ի չափով ֆինանսավորում իրականացնել:

 

«Իրանք Կառավարության գարանտիան են ուզում, բայց մեր Կառավարությունը նման բանի կյանքում չի աջակցի»,-ասաց Պողոս Գևորգյանը: Ներկայացնելու համար, թե որքան ձեռնտու առաջարկ է եղել իսրայելական ընկերության կողմից՝ նա նշեց, որ նմանատիպ հոլանդական տեխնոլոգիայի մեկ քառակուսի մետրի գինը 200 եվրո է, իսրայելականինը՝ 130 ԱՄՆ դոլար: Նրա խոսքով՝ Ղազախստանում այդ նույն ընկերությունը 100 հա ջերմոցային տնտեսություն է կառուցել: 

 

Բացի այդ, Հայաստանի Կառավարությունը 32% հարկ է սահմանում այս կարգի տեխնոլոգիաների համար:

 

Ջերմոցային գործով զբաղվող մասնագետը նշեց, որ իսրայելական այս տեխնոլոգիան հենց այն տեխնոլոգիան է, որը ներդրված է Թուրքիայում: Այն ապահովում է գազի խնայող ռեժիմ և բարձր բերքատվություն: Հենց դրանով է նա բացատրում այն ֆենոմենը, որ չնայած գազի գինը Թուրքիայում շատ ավելի բարձր է, բայց Հայաստան է ներկրվում թուրքական ջերմոցային լոլիկ:

 

Սրանում, իհարկե, որոշ դեր ունի այն տարածքների տաք կլիման, որտեղ հիմնվում են այդ ջերմոցները, բայց հիմնական գործոնը ջերմատնային գազ քիչ սպառող տեխնոլոգիաներն են:

 

Սա շատ կարևոր հանգամանք է, հաշվի առնելով, որ ներկայում գազի սակագինը կազմում է մեկ կիլոգրամ բանջարեղենի ինքնարժեքի 80%-ը, իսկ մինչև գազի սակագնի բարձրացումը կազմում էր ինքնարժեքի 60%-ը:

 

Կառավարությունը մերժել է նաև ջերմատներին առաջին կարգի սպառողների կարգավիճակ տալու՝ Ասոցիացիայի առաջարկը: «ՀայՌուսգազարդ»-ը իրավունք չունի նման կարգավիճակ ունեցող տնտեսվարող սուբյեկտի գազը «կտրել»՝պարտքերի պատճառով:

 

«2005-ին Լենինականի ջերմատունը 7.000 ԱՄՆ դոլար պարտքի համար դրեցին, կտրեցին՝ ցրտահարեցին: Դրանից հետո ձյունը եկավ, ջերմոցը փլվեց, բայց էդ մարդը մեկ ա՝ գազի փողը չտվեց: Կարմիր պոմիդորը հասած չթողեցին, մենակ մի շաբաթ էր ուզում»,-ասաց Գևորգ Պողոսյանը՝ բերելով այլ օրինակներ՝ Ստեփանավանի Գարգառի ջերմատունը և այլք:

 

Վերջին դեպքում դատարանը որոշել էր, որ «ՀայՌուսգազարդ»-ը պետք է ջերմատնային կազմակերպության վնասը փոխհատուցեր, սակայն գործը Վերաքննիչ դատարանում էր բողոքարկվել, հետագայում պայմանագիրը կեղծվել էր ու առաջին ատյանի դատարանի որոշումը՝ բեկանվել:

 

Ըստ Գևորգ Պողոսյանի՝ Հայաստանում հիմնականում աշխատում են լոլիկի, վարունգի և պղպեղի ջերմոցները, այլ կուլտուրաների ջերմոցներ հիմնելու տնտեսագիտական հիմքեր չկան: Կազմակերպության 2003թ. անցկացրած մոնիտորինգի տվյալներով Հայաստանում եղել է 900 ջերմոցային տնտեսություն, նրանց թիվը վերջին տարիներին հասել է 1000-ի՝ փոքրը, միջինը ու խոշորները միասին, իսկ այժմ դրանք սկսել են փակվել:

 

Ըստ Գևորգ Պողոսյանի՝ հիմնականում փակվում են փոքր և միջին ջերմոցները, թեև արձանագրվել է նաև մի քանի տարվա գործունեության պատմություն ունեցող և խոշոր համարվող վարդ աճեցնող մի ջերմոցի փակում, երբ սեփականատերը ուղղակի կտրել է խողովակները և մաս-մաս վաճառում է՝ անիմաստ համարելով հետագա գործունեությունը:

 

Այս տարի արդեն 12 հա ջերմատան ցանք քիչ է արվել՝ գազի սակագնի բարձրացմամբ պայմանավորված, 300 միլիոն հատիկ սերմ էլ պակաս է իրացվել ջերմոցների կողմից: