Հաշվիչ հանձնաժողովի ոչ կոալիցիոն 4 անդամները նիստ գումարեցին և նոր նախագահ ընտրեցին՝ Լյուդմիլա Սարգսյանին

16:07 • 26.12.13

Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի ոչ կոալիցիոն 4 անդամները՝ ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանը, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը, «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը և ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն այսօր արտահերթ նիստ հրավիրեցին, որի ժամանակ մեծամասնությունը որոշում կայացրեց՝ անվավեր ճանաչել դեկտեմբերի 23-ի հայ-ռուսական գազային համաձայնագրերի քվեարկությունը և հայտարարեց, որ հաշվիչ հանձնաժողովի նախագահն այլևս Սուքիաս Ավետիսյանը չէ։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի 4 անդամներն անօրինական են համարում գազային պայմանագրերի քվեարկությունը, քանի որ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը խախտել է ԱԺ կանոնակարգ օրենքը և առանց հանձնաժողովի միայնակ է կատարել քվեարկության հաշվարկը:

 

Նիստին հրավիրված էր նաև հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, սակայն ինչպես նախապես հայտարարել էր՝ չներկայացավ։ Ինչպես և սպասում էին հանձնաժողովի ոչ կոալիցիոն անդամները, նիստը չթույլատրվեց գումարել ԱԺ 334 սենյակում՝ պատճառաբանելով, որ նստաշրջանը ավարտված է և սենյակի դուռը փակ է։ Սակայն դա խոչընդոտ չհանդիսացավ, և նրանք նիստն անցկացրեցին ՀՅԴ խմբակցության աշխատասենյակում։

 

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրին իրենց որոշումը և հայտնեցին, որ համաձայնագրերի քվեարկությունն անօրեն են ճանաչում ու դրա հետ կապված դիմելու են Սահմանադրական դատարան։ «Վիճարկելու ենք այս հարցը ՍԴ-ում, քվեարկությունն իրականում տեղի չի ունեցել, օրենքի խախտումով որևէ քվեարկություն իրականություն չի կարող դառնալ: Մենք փորձելու ենք հասնել նրան, որ ԱԺ հետ բերվեն նախագծերն ու դրանք նորից քննարկվեն»,- հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը:

 

Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց ընդունված որոշման մասին պաշտոնապես տեղյակ պահել ԱԺ նախագահին՝ որպես հաշվիչ հանձնաժողովի եզրակացություն:


Անդրադառնալով կազմակերպչական հարցերին, հանձնաժողովը քննարկման դրեց հաշվիչ հանձնաժողովի նոր նախագահ ընտրելու հարցը: Պատգամավորները հայտարարեցին, թե Սուքիաս Ավետիսյանը չարաշահել է իր իրավունքներն ու իրավունք չունի այսուհետ շարունակել հաշվիչ հանձնաժողովի նախագահ լինել։

 

Հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Սարգսյանն առաջարկեց Թևան Պողոսյանի պաշտոնը, սակայն վերջինս ինքնաբացարկ հայտնեց: Հանձնաժողովի 4 անդամները նոր նախագահ ընտրեցին Լյուդմիլա Սարգսյանին, իսկ քարտուղար նշանակվեց «Օրինաց երկիր» խմբակցությունից հանձնաժողովի անդամ Իշխան Խաչատրյանը։