«Հըզբոլլահն» ահաբեկչություն է պատրաստում Բաքվում
Իրանի աջակցությունը վայելող «Հըզբոլլահ» կազմակերպությունն ահաբեկչությունների շարք է ծրագրել Բաքվում, տեղեկացնում է haqqin.az-ը՝ Քուվեյթի «էր-Ռաի» թերթին հղումով, որը մեջբերում է արևմտյան և իսրայելյան աղբյուրների խոսքերը։
Համաձայն տարածված տեղեկատվության՝ «Հըզբոլլահն» ահաբեկչություններ է պլանավորում Ադրբեջանում, Թուրքիայում, Կիպրոսում, Հունաստանում և Եգիպտոսում գտնվող իսրայելյան օբյեկտների վրա։ Ահաբեկչությունն իրականացնելու գործում ներգրավված են լինելու թյուրքական երկրների քաղաքացիներ։
Պարբերականը գրել է, որ ավելի վաղ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ամերիկյան և իսրայելյան հետախուզության օգնությամբ կանխել են մի քանի ահաբեկչություն։ Արևմտյան լրատվամիջոցները գրել էին, որ Բաքվում Իսրայելի դեսպանատան շենքի վրա ահաբեկչության փորձ կատարելուց հետո «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի և Ադրբեջանի միջև Իրանի միջնորդությամբ ոչ պաշտոնական համաձայնություն է կայացվել։
Համաձայն ձեռք բերված համաձայնության՝ կազմակերպությունը խոստացել է Բաքվում որևէ ահաբեկչական գործողություն չիրականացնել։










