Չինաստանում նշում են Մաո Ցզեդունի 120-ամյակը
Չինաստանում այսօր նշում են 20-րդ դարի քաղաքական ու պետական գործիչ Մաո Ցզեդունի 120-ամյակը։ Նրա դամբարան են այցելում մտերիմները, հարազատները, երկրպագուները, գրում է ИТАР-ТАСС-ը։
Նրան արդեն հարգանքի տուրք են մատուցել դուստրերը՝ Լի Նան և Լի Մինը, թոռը՝ Մաո Սինյույը։
Հոբելյանի կապակցությամբ Չինաստանում հեռուստատեսությամբ հեռարձակվում է 50-սերիանոց ֆիլմ, որը պատմում է առաջնորդի կյանքի ու գործունեության, նրա գաղափարների ու հոգևոր ժառանգության մասին։ Հրատարակչությունները գրքերի մի ամբողջ շարք են թողարկել Մաո Ցզեդունի մասին։
«Հուանցյու շիբաո» պարբերականի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ Մաոն մեծ հեղինակություն է վայելում Չինաստանի բնակչության շրջանում։ Հարցվածների 85%-ը կարծում է, որ նա ավելի շատ արժանիքներ ունի, քան սխալներ, իսկ 90%-ը, այնուամենայնիվ, հարգանք է հայտնել նախկին ազգային առաջնորդին։










