2014 թվականից Մեծ Բրիտանիայում ապրանքների համար հնարավոր կլինի վճարել բանկային չեքի լուսանկարով
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է երկու տարի առաջ հայտարարված պլաններից, համաձայն որի մինչև 2018 թվականը երկրի ֆինանսական համակարգում պետք է դադարեցվեր բանկային չեքերի օգտագործումը, գրում է ИТАР-ТАСС-ը: Ինչպես հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության բարձրաստիճան աշխատակից Սայիդ Ջավիդը, «չեքային գրքույկները Մեծ Բրիտանիայում կպահպանվեն»:
Կառավարությունը դրա հետ մեկտեղ չեքերն անցկացնում է նոր էլեկտրոնային ձևաչափի: Եթե այժմ ապրանքների կամ ծառայությունների վճարման համար չեքերը կամ դուրս են գրվում դրամարկղերում, կամ ուղարկվում են փոստի միջոցով, ապա արդեն 2014 թվականից բրիտանական բանկերը կսկսեն ընդունել հաճախորդների կողմից ստորագրված չեքերի թվային լուսանկարները՝ որպես օրինական վճարման միջոց:
Վճարում կատարելու համար չեքը պետք է լուսանկարել սմարթֆոնով և էլեկտրոնային փոստով ուղարկել բանկի բաժանմունք: Թագավորության ամենախոշոր բանկերից մեկը՝ Barclays-ը, նման ծառայություն է մտցնում հաջորդ գարնանից:










