Ֆրանսիացի թոշակառուն փողոցում 10.000 եվրո է գտել և տարել ոստիկանություն
Ֆրանսիայի հարավում գտնվող Կանն քաղաքում թոշակառուն փողոցում 10 հազար եվրոյով ծրար է գտել և այն տարել ոստիկանության բաժանմունք, գրում է Interfax.ru-ն՝ հղում անելով Nice-Matin թերթին:
«Ես ճաշեցի դստերս տանը, և տուն էի վերադառնում: Ես պատրաստվում էի գնալ ավտոբուսով, բայց չհասցրի: Քանի որ սիրում եմ զբոսնել, որոշեցի տուն հասնել ոտքով: Գետնին ծրար էր ընկած, որտեղ թղթադրամներ կային: Ուշ ժամ էր, և քանի որ մոտակայքում ոչ ոք չկար, ես վերցրի ծրարը»,- լրագրողներին պատմել է թոշակառուն:
Նրա խոսքով՝ տանը նա փորձել է հաշվել, թե որքան գումար է եղել ծրարում, սակայն ամեն անգամ հաշիվը խառնել է:
«Այնտեղ մեծ գումար կար: Ես երբեք չեմ տեսել այդքան թղթադրամ: Ես փորձել եմ դրանք հաշվել, սակայն թղթադրամները չափից շատ էին»,- նշել է թոշակառուն: Քանի որ ծրարի վրա գրված չի եղել, թե ում է պատկանում գումարը, ֆրանսիացին հաջորդ առավոտյան ծրարը տարել է ոստիկանություն:
Թերթը նշում է, որ ոստիկանները զարմացել են՝ տեսնելով, որ ոչ հարուստ թոշակառուն որոշել է ազնիվ քայլ անել և վերադարձնել գումարը:










