Իրենք շատ փոքր են, որ 72 հոգու քվեարկությունն անվավեր ճանաչեն. Ս. Ավետիսյանի արձագանքը Հաշվիչ հանձնաժողովի որոշումներին
Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի ոչ կոալիցիոն 4 անդամների արտահերթ նիստը և ընդունած որոշումները Սուքիաս Ավետիսյանը զավեշտալի է համարում։
ՀՀԿ-ական պատգամավորը հանձնաժողովի 4 անդամներըին՝ ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանին, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանին, «Ժառանգությունից» Թևան Պողոսյանին և ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանին «շատ փոքր մարդ է» համարում, որ անվավեր ճանաչեն դեկտեմբերի 23-ի հայ-ռուսական «գազային» համաձայնագրի քվեարկությունը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի ոչ կոալիցիոն 4 անդամները՝ ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանը, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը, «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը և ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն այսօր արտահերթ նիստ հրավիրեցին, որի ժամանակ մեծամասնությունը որոշում կայացրեց՝ անվավեր ճանաչել դեկտեմբերի 23-ի հայ-ռուսական գազային համաձայնագրերի քվեարկությունը և հայտարարեց, որ հաշվիչ հանձնաժողովի նախագահն այլևս Սուքիաս Ավետիսյանը չէ։
«Կներեք, բայց իրենք շատ փոքր են, որ 72 հոգու քվեարկությունն անվավեր ճանաչեն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Սուքիաս Ավետիսյանը։
Մեր դիտարկմանը, թե նրանք նշում են, որ շարժվում են ԱԺ կանոնակարգ օրենքով և մեծամասնություն լինելով՝ իրավունք ունեն նման որոշում կայացնելու, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Իրենք մեծամասնություն են իրենց տներում, եղա՞վ։ Մեծամասնությունը կողմ է քվեարկել 72 հոգով, որևիցե մեկը, դա Հաշվիչ հանձնաժողով կլինի, թե առանձին խմբակցություն կլինի՝ իրավունք չունի մեծամասնության 72 հոգու քվեարկությունն անվավեր ճանաչել։ Դա զավեշտ է, և իրենք իզուր տեղը թող զավեշտալի վիճակում իրենց չդնեն»:
Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցի որոշմանը, և որ ինքն այլևս հանձնաժողովի նախագահ չէ, Սուքիաս Ավետիսյանը նշեց, թե տեղեկացել է, որ քվեարկությանը ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը ձեռնպահ է քվեարկել և ուստի չի կարող որոշումն ընդունված համարվել։
«Ինձ լրագրողները ասացին, որ Լյուդմիլան ձեռնպահ է քվեարկել, ես էլ պատասխանել եմ, որ եթե իրենք թվաբանությունից այդքան խեղճ են, որ չգիտեն, որ 7-ի կեսից ավելին 4-ն է, ուրեմն թող խոսեն, որ Լյուդմիլան ընտրված է: Առաջիկայում օրինակ՝ Նոր տարվա կապակցությամբ կարելի է Ձմեռ պապ հաշվել, Ձյունանուշ հաշվել, տոնածառի խաղալիք հաշվել, ինչ է եղել, գործ է, թող անեն»,-նշեց նա։
Ինչ վերաբերվում է Սահմանադրական դատարան դիմելու որոշմանը, ապա ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «ՍԴ կարող են դիմել, բայց ոչ իրենք: Հաշվիչ հանձնաժողովը ՍԴ դիմելու իրավունք չունի դա մեկ, հետո էլ, եթե ՍԴ են դիմում, իրենք բա ո՞նց են այդ զավեշտալի որոշումը կայացնում և քվեարկությունը անօրինական ճանաչում։ Դիմում են ՍԴ, ուրեմն թող բարի լինեն սպասեն՝ ՍԴ-ն որոշում կկայացնի, նոր այն ժամանակ կխոսեք»,-եզրափակեց նա։










