Ուղեվարձը չի թանկանա, քանի դեռ ուղևորահոսքի հաշվարկ չկա. Երևանի քաղաքապետի տեղակալ
Մինչև չավարտվի Երևանի տրանսպորտի ուղևորահոսքի հաշվարկը, սակագնի փոփոխման հարց չի քննարկվի: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
«Այն շահարկումները, որ հունվարի 1-ից, գուցե, տրանսպորտը թանկանա իրականությանը չի համապատասխանում, քանի որ ուղևորահոսքի հաշվարկը դեռ չի ավարտվել»,- ասաց նա:
Իսկ այդ հաշվարկը քաղաքապետարանի պատվերով կատարում է «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը՝ հիմնված միջազգային փորձի վրա:
Վահե Նիկոյանն ընդգծեց, որ հաշվարկի ավարտից հետո քաղաքապետարանը հստակ կունենա արդյունքներ այն մասին, թե օրվա որ ժամին որ երթուղին որքան ուղևորի է սպասարկում:
«Կիմանանք օրվա ընթացքում երթուղին որքան մարդ է սպասարկում, հանգստյան օրերին: Պատվիրել ենք նաև տրանսպորտում ուղևորներից հարցումներ իրականացնել ու պարզել, թե ինչպիսինն է վարորդների վարքագիծը, արդյոք ընթացքում ծխախոտ օգտագործո՞ւմ են, բջջային հեռախոսով խոսո՞ւմ են, սափրված են, թե՝ ոչ, ըստ իրենց արդյոք մեքենան համապատասխան տեխնիկական ու սանիտարական վիճակո՞ւմ է, թե՝ ոչ»,- ասաց նա։










