Թուրքիայի խոշոր քաղաքներում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը
Հազարավոր ցուցարարները դուրս են եկել Թուրքիայի փողոցներ՝ պահանջելով Ռեջեբ Թայիբ Էրդողանի հրաժարականը՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ, որում ներգրավված են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, կիրառվել է արցունքաբեր գազ:
Թուրքիայում քաղաքական իրավիճակը սրվել էր շաբաթվա կեսին: Հինգշաբթի՝ դեկտեմբերի 19-ին, իրավապահները հաղորդել էին, որ ձերբակալել են մի խումբ կաշառակերների, ովքեր Ստամբուլում զբաղվում էին պետական հայտամրցույթների մեքենայություններով: Ըստ հետաքննության տվյալների՝ տվյալ մարդիկ գումարի դիմաց օգնում էին գործարարներին՝ շինարարության թույլտվություն ստանալ: Նրանք նաև զբաղվում էին ոսկու և արվեստի գործերի մաքսանենգությամբ:
Կասկածյալների թվում են հայտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ և ֆինանսիստներ, մասնավորապես՝ Էրդողանի կառավարության 2 նախարարների որդիները և պետական Halkbank-ի ղեկավարը: Վերջինիս տանը ոստիկանները գտել են 4.5 միլիոն դոլար:










