Հարցումը Քլինթոնին և Քրիսթիին ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրությունների ֆավորիտներ է անվանել
ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրություններից երեք տարի առաջ նախագահի պոտենցիալ թեկնածուների թվում առաջատար դիրքերում են նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին: Այդ մասին վկայում է CNN-ի և ORC ընկերության հարցումը, որոնց արդյունքները հրապարակվել են հինգշաբթի, հաղորդում է ria.ru-ն:
Ոչ Քլինթոնը, ոչ Քրիսթին դեռևս չեն հայտարարել նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին: Այնուամենայնիվ, Քլինթոնը ժողովրդականությամբ առաջ է անցնում Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների բոլոր թեկնածուներից, բացի Քրիսթիից:
ԱՄՆ-ում գրանցված 950 ընտրողների հարցման համաձայն՝ Քրիսթի - Քլինթոն մրցապայքարում հանրապետական նահանգապետը կարող է հավաքել 48 տոկոս ձայն, իսկ նախկին դեմոկրատ պետքարտուղարը՝ 46 տոկոս: Քրիսթին առաջատար է անկուսակցական ընտրողների և տղամարդկանց շրջանում, իսկ Քլինթոնը զգալիորեն առաջ է անցնում Քրիսթիից կին ընտրողների շրջանում:
Սոցիոլոգները նախազգուշացրել են, որ ընտրություններից երեք տարի առաջ հնարավոր չէ կանխատեսել ԱՄՆ հաջորդ նախագահի անունը, և հարցումը ներկայացնում է ընտրողների միայն ներկայիս համակրանքները:










