Բարերարը Tert.am-ի և մամուլի հրապարակումների հիման վրա օգնել է Գյումրու անօթևաններին
Գյումրու անօթևան ընտանիքների մասին Tert.am-ի և այլ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, բարերարը, որ ցանկացել է անհայտ մնալ, դրամական օգնություններ է տրամադրել Գյումրու մի շարք անօթևան ընտանիքներին:
Այս մասին Tert.am-ին հայտնեց անօթևանների «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը:
Հիշեցնենք, որ Tert.am–ը երեկ Գյումրի քաղաքում տնակային ավանների բնակիչների նախատոնական տրամադրությունների մասին «Տոնական սեղանը՝ պարտքով, վառելիքը՝ միայն Ամանորի գիշերը, ցանկությունները Ձմեռ պապից՝ համեստ. Գյումրու տնակներում» վերնագրով նյութ էր պատրաստել, որն էլ կարդալով նշված անձը կատարել է նվիրատվություն։
Հոդվածում Tert.am–ը անդրադարձել էր Անահիտ Սուքիասյանի ընտանիքին, ով չորս երեխայի հետ ապրում է երկու սենյականոց տնակում, կոմունալ պայմաններ չունի, օգտվում է հարևանի զուգարանից, ջուր չունի` հարևանի տնից է կրում, նպաստով է ապրում։ Նա ասել էր, որ իր երեխաները չեն սիրում այս տոնը։
«Հմի օր ըսեմ, կզարմանաք, իմ էրեխեքս չեն սիրե Նոր տարին, կուրախանան, օր Նոր տարի է, բայց չեն սիրե: Դե կտեսնեն ինչ եռուզեռ է, մարդիկ կվազվզեն խանութներից խանութ, սեղան կգցեն, կուրախանան, տունը տաք է, ուտելիք կա, իսկ մեր տունը… («Շիրակ կենտրոն» ՀԿ–ի նախագահ» – Tert.am) Վահան Թումասյանն էս տարի տվեց վառելիք, թե չէ կսառեինք էս տարի: Իրիկունը էրեխեն ջուր է ուզել, բաժակի մեջ ջուր կար, տարա օր խմի, տեսա սառել է ջուրը սենյակի մեջ»,- պատմել էր նա:










