Վիտալի Բալասանյանի մեքենայում պայթուցիկ է հայտնաբերվել. ԼՂՀ ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես սպանության փորձ

15:51 • 30.12.13

Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի մեքենայում պայթուցիկ է հայտնաբերվել:

 

Այս մասին Tert.am-ի տեղեկությունները հաստատեց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

 

«Ո՛չ իրեն, ո՛չ մեքենային բան չի եղել, պայթուցիկը չի աշխատել»,-ասաց նա:

 

Հայկ Խանումյանը հավելեց, որ քիչ առաջ Վիտալի Բալասանյանի հետ թեյ են խմել և վերջինս գնացել է:


Այս կապակցությամբ ԼՂՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 21.10-ին, Վիտալի Միքայելի Բալասանյանը /ծնված 1959թ., բնակվում է` ք. Ասկերան, փողոց Ե. Դանիելյան, տուն 25, ԼՂՀ ԱԺ պատգամավոր/ բանավոր հաղորդում է տվել, որ իրեն պատկանող ավտոմեքենայից պայթուցիկ սարքի նմանվող մեխանիզմ է ընկել:

 

ԼՂՀ ոստիկանության ՔՎ ՔԲ ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Ն.Մ. Գրիգորյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 18.00-ից մինչև 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Վիտալի Միքայելի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել վերջինիս անձնական օգտագործման «Նիսան Պատֆայնդեր» 45 SL 045 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

 


Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԼՂՀ քր. օր-ի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով /շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ/ և ԼՂՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/:

 

Տարվում է նախաքննություն»:

 

Զինվորական կրթություն չունեցող Վիտալի Բալասանյանը Ղարաբաղյան պատերազմի Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր, որտեղից հասավ մինչև դիվիզիայի հրամանատարի և Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոններին` արժանանալով գեներալ-մայորի զինվորական կոչման։ Նրա հրամանատարությամբ Ասկերանի գունդը մասնակցություն է ունեցել Շուշիի և Լաչինի ազատագրմանը։

 

Լաչինի շրջանի հյուսիսային գյուղերի ազատագրման մի շարք օպերացիաներ ղեկավարվել է անձամբ Վիտալի Բալասանյանի կողմից։

 

Գունդը մասնակցել է Մարտակերտի ուղղությամբ մղվող պաշտպանական և հարձակվողական մարտերին։ 1993 թ. ապրիլին Քարվաճառի ազատագրմանը Մարտակերտում (Դրմբոնում) տեղակայված ընդհանուր շտաբի ղեկավարն է եղել, իսկ Քարվաճառի ուղղության ընդհանուր հրամանատարն էր Մոնթե Մելքոնյանը (Ավոն)։