Սիրիայում 2013-ի ընթացքում մոտ 29 լրագրող է զոհվել
Սիրիան մնում է լրագրողների աշխատանքի համար ամենավտանգավոր տեղերից մեկը աշխարհում, այս մասին ասված է լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի զեկույցում: 2013 թվականին այնտեղ զոհվել է ԶԼՄ-ների 29 աշխատակից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զեկույցի համաձայն՝ Սիրիայում շարունակվող պատերազմը և կրոնական հակամարտությունների աճը Իրաքում Մերձավոր Արևելքը դարձրել են «մահվան գոտի» լրագրողների համար:
Մեդիայի մոտ 70 աշխատակիցներից, որոնք մահացել են այս տարի, երկու երրորդը զոհվել են հենց Մերձավոր Արևելքում:
Կոմիտեն կոչ է արել կառավարություններին և զինվորականներին հարգել լրագրողների կարգավիճակը և խնդրել է գտնել և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հարձակվել են ԶԼՄ–ների աշխատակիցների վրա:










