Վոլգոգրադում խուճապ է, Մոսկվայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
Մեկ օրվա մեջ 2 ահաբեկչությունից հետո ՌԴ Վոլգոգրադ քաղաքում խուճապ է սկսվել, արձանագրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու ծառայությունը:
Տեղի իշխանությունները պարբերաբար զանգեր են ստանում նոր պայթյունների մասին, որոնք, սակայն, չեն հաստատվում: Քաղաքի բնակիչները խուսափում են հասարակական տրանսպորտից, հիմնականում օգտվում են տաքսիներից: Մի շարք ընկերություններ իրենց աշխատակիցներին տանել-բերելու համար ծառայողական ավտոբուսներ են հատկացրել:
Քաղաքի տարբեր հատվածներում մետաղորսիչ սարքեր են տեղադրվում:
Interfax-ը հայտնում է, որ ահաբեկչություններից հետո Մոսկվայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ Նոր տարվա և Սբ Ծննդի արարողություններն ուժի մեջ են:
Ռուսական հեռուստաալիքները, սակայն, վերանայում են իրենց ամանորյա ծրագրերը:










