Ահաբեկչություն Ռուսաստանում կամ ճանապարհ դեպի Սոչի. The Guardian-ի անդրադարձը

12:14 • 30.12.13

Յոթ տարի առաջ, երբ Ռուսաստանն ընտրվեց ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման վայր, բարձր ռիսկն արդեն ակնհայտ էր, գրում է The Guardian-ը։

 

Ինչպես փոխանցում է inopressa.ru-ն, թերթը նշում է 3 գործոն. արևմտյան հավանական բոյկոտ, ենթակառուցվածքների բացակայություն և ահաբեկչությունների ռիսկ, որոնք «գրավում են» բոլոր մարզական մրցումները, իսկ Ռուսաստանի դեպքում ռիսկն ավելանում է՝ պայմանավորված չեչենական պատերազմի հետևանքներով։

 

Երրորդ գործոնի հետ կապված վտանգները կարող են արդարացվել, գրում է թերթը՝ հիշեցնելով Վոլգոգրադում և Պյատիգորսկում պայթյունները։ Պարբերականի կարծիքով՝ կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ այդ բոլոր արտակարգ պատահարները կապ ունեն Օլիմպիական խաղերի հետ։

 

Ծայրահեղականներն ավելի հեռու թիրախներ են փնտրում, քանի որ Սոչիում անվտանգության միջոցառումներն ավելի խիստ են։ «Դա չի նշանակում, որ նրանք չեն փորձի հասնել Սոչի»,-ենթադրում է թերթը։

 

Խմբագրականում նշվում է, թե նախագահ Պուտինը մուսուլման ծայրահեղականների դեմ պայքարում լավագույն արդյունքները չունի։

«Պուտինի և Ելցինի (Բորիս Ելցինի՝ ՌԴ նախկին նախագահ- Tert.am) սխալների համար այդ տարածաշրջանն արդեն բարձր գին է վճարել։ Հույս ունենանք, որ Սոչիում այն ավելի մեծ չի լինի»,-գրում է թերթը։