2013-ին կորցրինք «Ծածկած շուկան», եթե չսթափվենք 2014-ին կկորցնենք «Զվարթնոցի» հին շենքը. Մկրտիչ Մինասյան
Հայ ճարտարապետությունը 2013-ին կորցրեց իր արժեքներից մեկը՝ «Ծածկած շուկան», եթե ժողովուրդը չհամախմբվի այս տարի կկորցնի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը: Tert.am-ի հետ զրույցում ահազանգեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա ընդգծեց, որ որքան էլ այսօր մարդիկ ասեն, թե «Ծածկած շուկան» առնետանոց չէ, այն այսուհետ պարզապես լավ խանութ է:
Հիշեցնենք, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դեռևս 2011թ-ին «Մուլտի Գրուպից» գնել էր Երևանի Ծածկած շուկան, որն այժմ վերածվել է սուպերմարկետի: Վերակառուցման հետևանքով խաթարվել են շինության առանձնահատկություն հանդիսացող մի շարք հատվածներ: Թեև շուկայի սեփականատերը մի քանի անգամ տուգանվել է Երևանի քաղաքապետարանի ու Կառավարության կողմից, սակայն համառորեն գործը կարողացավ ավարտին հասցնել:
«Դրանից առաջ մենք մեր քաղաքում արդեն հասցրել էինք կորցնել բազմաթիվ շինություններ, բայց դա մեզ խրատ չի դառնում, չի թելադրում, որ զգույշ լինենք: Եթե մենք անընդհատ քանդենք ու կորցնենք մեր ճարտարապետական արժեքները, մի օր կպարզվի, որ ընդհանրապես մենք որևիցե արժեքավոր բան այս ասպարեզում չենք էլ ունեցել»,- ասաց ճարտարապետը:
Հարցին, թե վերջին տարիներին հայ ճարտարապետության ձեռքբերումները որոնք են, Մկրտիչ Մինասյանը մատնանշեց Երևանում ու Էջմիածնում կառուցված Մատենադարանի մասնաշենքերը:
«Երկու շենքերն էլ շատ լավ շինություններ են, մեր նորօրյա պատմության ձեռքբերումներից: Երևանի Մատենադարանի մասնաշենքը շատ լավ է ներառվել ամբողջ կառույցի մեջ: Հոյակապ է կառուցված թե՛ ներքին, թե՛ արտաքին առումով: Իսակովի փողոցի նոր անցումը, նույնպես կարևոր եմ համարում: Դա շատ ավելի լավն է և պակաս կասկածելի, քան քաղաքի մյուս անցուղիները, որոնք կառուցվեցին ժամանակին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մեր օրերում կառուցվող ճոխ ռեստորաններին, բուրգերին և զանազան շինություններին, ապա Մկրտիչ Մինասյանը նշեց, որ դրանք չեն կարող համարվել ճարտարապետական արժեքներ, համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ, օրինակ, թանգարանները կլինեն այնպիսի թշվառ վիճակում, ինչպիսին այսօր են:
Իսկ թե, ինչ պետք է անել, որպեսզի հայ ճարտարապետության մյուս կարևոր արժեքները չարժանանան հետագայում «Ծածկած շուկայի» ճակատագրին, ըստ Մկրտիչ Մինասյանի, մի պայման կա. «Բոլոր մարդիկ պետք է շարժվեն օրենքով՝ անկախ նրանց դիրքից ու զբաղեցրած պաշտոնից, հակառակ դեպքում` մենք միշտ էլ կունենանք կորուստներ: Քանի որ մենք մեծ կորուստներ ենք ունենում, ժամանակն է, որ սթափվենք, քանի որ նահանջելու տեղ չկա: Կառավարությունը պետք է պայքարի ժողովրդի համար, որպեսզի միասին հաջողության հասնենք ոչ միայն ճարտարապետության հետ կապված խնդիրներում, այլ նաև մեր երկրի դեմ ծառացած ցանկացած խնդիրների պարագայում: Սա է միակ ճանապարհը: Ցավոք, դեռևս ականատես ենք լինում, որ Կառավարությունը միայն իր սեփական հարստության համար է պայքարում, իսկ ժողովուրդը՝ աղքատության»:










