Օբաման կնոջը ծննդյան օրվա առթիվ նվեր է արել՝ նրան միայնակ է թողել Հավայան կղզիներում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի ծննդյան օրվա կապակցությամբ նվեր է արել. նրան թողել է միայնակ... Հավայան կղզիներում ընկերների հետ հանգստանալու համար, որտեղ վերջերս նախագահական զույգն անցկացնում էր արձակուրդը, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին, որն էլ իր հերթին վկայակոչել է Սպիտակ տան ներկայացուցչին:
Նախագահի ներկայացուցիչը պարզաբանել է, որ առաջին տիկին Միշել Օբաման ամուսնու և երկու դուստրերի հետ տուն վերադառնալու փոխարեն մնում է Հավայան կղզիներում, որտեղ ընտանիքն իր հանգիստն էր անցկացնում վերջին երկու շաբաթվա ընթացքում:
«Որպես նախագահի կողմից ծննդյան օրվա նվերի մի մաս՝ առաջին տիկինը մնում է Հավայան կղզիներում, որպեսզի ժամանակ անցկացնի ընկերների հետ առաջիկա հիսուներորդ տարեդարձից առաջ»,- գործակալությունը մեջբերել է Սպիտակ տան ներկայացուցչին: Միշել Օբամայի ծննդյան օրը հունվարի 17-ին է:
2013-ի դեկտեմբերի վերջին ամերիկացի լրագրողները կասկածում էին, որ Օբամայի և նրա կնոջ հարաբերությունները հարթ չեն: Ենթադրվում է, որ նրանք քննարկում են հնարավոր ամուսնալուծությունը: Լրագրողների` պաշտոնապես չհաստատված տեղեկություններով, առաջին տիկինը ամուսնալուծության հարցերով հանդիպել է փաստաբանի հետ:










