Ուկրաինայի նախագահական ընտրություններին կմասնակցեն ընդդիմության բոլոր երեք առաջնորդները

10:53 • 05.01.14

Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլին 2015 թվականին կմասնակցեն ընդդիմության բոլոր երեք առաջնորդները: Այդ մասին հայտարարել է ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով unn.com.ua-ին:


Յացենյուկը նշել է, որ այդ որոշումը կայացվել է 2013 թվականի մայիսին:


«Միասնական թեկնածուի վերաբերյալ մենք արդեն որոշ բանակցություններ անցկացրել ենք: Անցած տարվա մայիսի 18-ին մենք երեք քաղաքական ուժերի համաձայնություն ենք ստորագրել, որտեղ հստակ նշված է, որ միասնական թեկնածուն  աջակցություն կստանա երկրորդ փուլում: Այդ համաձայնությունը ստորագրվել է և պետք է իրականացվի»,- ասել է նա:


Յացենյուկի խոսքերով՝ «Հաղթանակը նախագահ դառնալը չէ, այլ երկիրը փոխելը, իսկ նախագահը միայնակ չի կարող դա անել»:
«Մեր հաղթանակն այն է, որ երեք ընդդիմադիր ուժեր 2013 թվականին ձևավորեցին եվրոպական փոփոխությունների միասնական հաղթող թիմ»,- ասել է քաղաքական գործիչը: