ԼՂՀ-ն այս պահին դիտորդի դերում է «կուտակայինի» հարցում. ԼՂՀ սոցապնախարար
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Սամվել Ավանեսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե իրենք այս պահին դիտորդի դերում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցում, քանի որ սպասում են՝ տեսնեն, թե Հայաստանում ինչով կավարտվի «կուտակայինի շուրջ քննարկումները, որից հետո էլ իրենք իրենց որոշումը կկայացնեն:
«Իրականում հստակ չենք կարող ասել, թե 2015 թվականի հունվարի 1-ից Արցախում կընդունվի «կուտակայինի» մասին օրենքը, քանի որ մինչ հիմա նախնական բանավոր պայմանավորվածության նման մի բան է: Լավ ենք պատկերացնում, որ հնարավոր չէ, որ մենք առանձին մոտեցումներ ունենանք, իսկ Հայաստանում այլ բան լինի: Վերջիվերջո՝ դաշտն ընդհանուր է, նույնն է»,-ասաց նախարարը՝ ավելացնելով. «Ինչքան ես եմ հասկանում՝ մենք հիմա այդքան անելիք չունենք, պետք է սպասենք, տեսնենք, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում, դրանից հետո կկողմնորոշվենք»:
Սամվել Ավանեսյանի հաղորդմամբ՝ եթե Հայաստանում ինչ-որ բաներ փոխվեն, ընտրած ճանապարհից ետ կանգնեն, այդ դեպքում բնական է, որ իրենք առանձին չեն ընդունելու այդ օրենքը:
«Բայց եթե Հայաստանում ձևափոխված, մոտեցումները վերանայված տարբերակներ լինեն, իհա՛րկե, մենք դա կքննարկենք, որը մեզ համար ընդունելի լինի, այդ ճանապարհով էլ կգնանք, բայց միանշանակ, որ այդ հարցում մենք իրավունք չունենք ետ մնալ Հայաստանից: Աստված մեզ շատ սիրեց, որ 2014 թվականի հունվարից չընդունեցինք այդ օրենքը և նման խնդրի առաջ չկանգնեցինք»,-ասաց նախարարը:










