Տ. Սարգսյանը հրաժարականից հետո իր մասին սրտաբուխ արտահայտություններ է կարդացել և որոշել է բարձրացնել վարկանիշը. Լ. Բարսեղյան
Եթե ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տված չլիներ, դժվար թե իջներ ու հանդիպեր այսօր ֆինանսների նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների հետ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Ինձ թվում է՝ հրաժարականից հետո կարդացել է իր մասին բազմաթիվ սրտաբուխ արտահայտություններ և որոշել, որ վարկանիշը ինչ-որ տեղ ինչ-որ կերպ բարձրացնել է պետք: Չեմ կարծում, որ դա արեց քաղաքական հեռանկարի համար: Մարդ է, երևի նեղված է եղել, որոշեց իջնել ու մի քիչ պոպուլյար դառնալու փորձեր անել, բայց ինչքան հասկանում եմ՝ չի հաջողվել, որովհետև բացականչությունները անդուր են եղել նրա հասցեին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացրել ֆինանսների նախարարության դիմաց՝ պահանջելով ՊԵԿ-ին հրահանգ իջեցնել, որ հարկերի մուծման էլեկտրոնային համակարգից հանվի կուտակային կենսաթոշակին վերաբերող ինքնաշխատ կետը: Բողոքի ակցիայի ընթացքում ակտիվիստների հետ հանդիպելու էին իջել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ֆինանասների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը:
Լևոն Բարսեղյանն ընդգծեց, որ լավ կլիներ՝ Տիգրան Սարգսյանն ավելի վաղ լիներ այդպես բաց, շփվող և հաշվի առներ մարդկանց կարծիքը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ:
«Բոլորն էլ կարող են իշխանություն չունենալուց հետո դառնալ շատ բարի ու սկսել շփվել հարևանների հետ: Մարդու ժողովրդավար լինելը չպետք է պայմանավորված լիներ պաշտոն ունենալ-չունենալով: Բազմաթիվ ակցիաներ են եղել Կառավարության դիմաց՝ զոհված զինծառայողների հարազատներ, աշխատավարձերից զրկվածներ, տնանկ մարդիկ, հարյուր-հազարավոր մարդիկ միշտ անցել-դառել են, բայց չեմ հիշում մի դեպք, որ Տիգրան Սարգսյանն այդպես ուշադիր եղած լիներ, միշտ ինչ-որ մեկին ուղարկում էր թուղթ գրել-բերելու»,-ասաց նա:
Լևոն Բարսեղյանն ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանը կապաշխարի, երբ դուրս գա Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն էլ «ճղճիմ» համարեց հարցը, թե ինչպես է գնահատում Տիգրան Սարգսյանի քայլը պաշտոնանկությունից հետո, և հորդորեց դիմել նախկին վարչապետի մամուլի խոսնակին:
«Վարչապետի քայլերը թող գնահատի իր մամուլի քարտուղարը, թե ինչ մոտիվացիներից ելներով էր շարժվում նախկին վարչապետը»,-ասաց նա:
Զանգահարեցինք նաև Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանին, ով չպատասխանեց մեր զանգերին:










