Ավստրալական նավը դարձյալ որսացել է անհետացած Boeing-ի «սև արկղերի» հնարավոր ազդանշանը
Ավստրալական Ocean Shield նավը երկու ազդանշան է ֆիքսել, որոնք, ենթադրաբար, կարող են արձակվել անցյալ ամիս անհետացած Boeing 777-200 ինքնաթիռի «սև արկղերից», տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Ocean Shield-ին հաջողվել է ևս երկու ազդանշան ստանալ՝ երեկ երեկոյան և գիշերը»,- հայտարարել է որոնողական աշխատանքների համակարգող կենտրոնի ղեկավար Անգուս Հյուսթոնը։ Ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքների ընթացքում ավստրալական նավը 4 ազդանշան է որսացել։
Որոնողական գործողության ղեկավարը հստակեցրել է, որ ստացված ազդանշանի նախնական վերլուծությունը ցույց է տվել, թե դրանք արձակվել են Boeing 777 ինքնաթիռի «սև արկղերից»։
Boeing 777-200 մալայզիական ինքնաթիռը, որն իրականացնում էր Կուալա Լումպուր-Պեկին չվերթը, ռադարների տեսադաշտից անհետացել էր մարտի 8-ին։ Ինքնաթիռում եղել է 239 մարդ։










