Շշում պահված հնագույն նամակն իր հասցեատիրոջը գտել է Գերմանիայում
Շշում պահված հնագույն նամակը, որը ծովն է նետվել 101 տարի առաջ, փոխանցվել է նամակի հեղինակ Ռիխարդ Պլատցի թոռնուհուն, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Համբուրգի Ծովային միջազգային թանգարանը։
2014թ. մարտին գերմանացի մի ձկնորս Բալթիկ ծովից դուրս է բերել գարեջրի մի շիշ։ Շշի ներսում բացիկ է հայտնաբերվել, որում գտնողին խնդրում են փոխանցել այն նշված հասցեով։
Թեև նամակի մեծ մասը հնարավոր չի եղել կարդալ, հասցեի հիման վրա հնարավոր է եղել պարզել, որ նամակի հեղինակը հացթուխի որդի 20-ամյա Ռիխարդ Պլատցն է։ Նա շիշը ծովն է նետել 1913թ.։ Հետազոտողները կարողացել են հայտնաբերել Պլատցի 62-ամյա թոռնուհուն՝ Անգելա Էրդմանին, ով ապրում է Բեռլինում։
«Դա անհավանական լուր էր։ Եվ դա այնքան հուզիչ էր, որ ես լաց եղա»,- ասել է Էրդմանը, ով երբեք չի ճանաչել իր մորական կողմի պապիկին՝ Ռիխարդ Պլատցին. նա մահացել է 1946թ.՝ 54 տարեկանում։
Համբուրգի Ծովային թանգարանի այցելուները կարող են տեսնել նամակը մինչև մայիսի 7-ը։ Այնուհետ մասնագետները կփորձեն վերծանել նամակի մյուս մասը։










