ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Չեռնոգորիայի մտադրությանը, բայց դրա համար բարեփոխումներ են հարկավոր

10:13 • 09.04.14

ԱՄՆ-ն աջակցում է Չեռնոգորիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտմանը, բայց կարծում է, որ դրա համար երկիրը մի շարք կարևոր բարեփոխումներ պետք է իրականացնի՝ դաշինքի անդամակցության չափանիշներին ամբողջովին համապատասխանելու համար: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Սպիտակ տունը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և Վաշինգտոն այցելած Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչի հանդիպման արդյունքներով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Բայդենը ողջունել է Չեռնոգորիայի մտադրությունը՝ ինտեգրվել եվրատլանտյան համայնքին՝ նշելով, որ այն առաջընթաց է գրանցել ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին: Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահը նշել է պետության կառավարության կողմից պաշտպանության, անվտանգության և իրավունքի ոլորտում բարեփոխումների շարունակության անհրաժեշտությունը, որպեսզի այն կարողանա ցուցադրել կոնկրետ ձեռքբերումներ 2014 թվականին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ:

 

Բայդենն ուշադրություն է դարձրել, մասնավորապես, ժողովրդավարական ինստիտուտների, այդ թվում՝ անկախ դատական համակարգի և ազատ մամուլի կարևորությանը, ինչպես նաև փոքրամասնությունների պաշտպանությանը: