Օբամայի թիկնապահներին արգելել են խմել ծառայությունից օր առաջ
ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցներին, որոնք պաշտպանում են երկրի նախագահին, սահմանափակել են ալկոհոլ օգտագործելու հարցում։
Այժմ գործակալներին արգելվում է ալկոհոլ օգտագործել ծառայության անցնելուց առաջ 12 ժամվա ընթացքում, ինչպես նաև 24 ժամվա ընթացքում, եթե գործակալը պետք է մեկնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ արտերկիր, գրում է vesti.ru-ն՝ հղում անելով Washington Post-ին:
Բացի այդ Գաղտնի ծառայության տնօրեն Ջուլիա Փիրսոնն իջեցրել է հատուկ գործողություններով զբաղվող ստորաբաժանման ղեկավարի՝ Դեն Դոնահյուի և ևս մի քանի աշխատակիցների պաշտոնը:
Այդ ծառայության աշխատակիցների հետ կապված վերջին սկանդալներից մեկը տեղի է ունեցել մարտին Նիդեռլանդներում, որտեղ անցկացվում էին Օբամայի այցի նախապատրաստական աշխատանքներ: Այդ ժամանակ Գաղտնի ծառայության ղեկավարությունը հայրենիք է վերադարձրել երեք ծառայակցի՝ հարբեցողության համար։










