Լուրջ ծրագիր ձախողելու դեպքում, ցանկացած երկրի վարչապետ պետք է հրաժարական տա. քաղաքագետներ
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պետք է որևէ մեկի համար զարմանալի չլիներ, քանի որ ցանկացած երկրում, եթե Կառավարությունը ձախողում է իր սկզբունքային նախագծերից մեկը, ապա պետք է իր նախաձեռնությամբ հրաժարական տա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը:
«Տիգրան Սարգսյանը իսկապես շատ երկար ստանձնեց Կառավարության ղեկը, և դա նրանից է, որ կար հատուկ համագործակցություն նախագահի ու վարչապետի միջև: Մենք չենք կարող ասել մի խոշոր ծրագիր, որ Տիգրան Սարգսյանը առաջ է քաշել ու ավարտին հասցրել»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմությանը՝ նա զարմանքով նշեց, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից ընդդիմությունը կարծես նեղացած լինի, քանի որ իրենց ծրագիրը ձախողվեց:
«Նրանք կարծես հիասթափված ու նեղացած լինեն, որ վարչապետը առաջ անցավ և իրենք չհասցրին Կառավարությանն անվստահություն հայտնել, զրկվեցին հաղթանակի քաղցրությունից: Իսկ թե հետագայում այդ համախմբվածության արշալույսը երբ է իրականանալու, դժվար է կանխատեսել»,- ասաց նա:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ նշեց, որ ինչքան էլ իշխանությունը հայտարարի, որ վարչապետի փոփոխությունը եղավ հանկարծակի ու առանց ճնշումների, ակնհայտ է, որ ճնշումները մեծ էին քաղաքացիական նախաձեռնությունների, Սահմանադրական դատարանի վերջին վճռի և քառյակի միավորման ֆոնին: «Միշտ իմացեք, որ իշխանությունը տեղի է տալիս այն ժամանակ, երբ լինում է ճնշում ու փորձում ապացուցել, որ փոփոխությունը պայմանավորված չէ ճնշմամբ»,- ասաց նա:
Լևոն Շիրինյանը նաև նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետին փոխելու որոշում ընդունեց այն պատճառով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համագործակցում էր ոչ կոալիցիոն ուժերի հետ: «Երբ ԲՀԿ-ն մտավ շարժման մեջ, օլիգարխիան կիսվեց, իսկ դա վտանգավոր կարող էր լինել, դրա համար էլ իշխանությունը գնաց զիջման: Բայց մեր խնդիրը այսօր ստեղծված իրականության մեջ լուծումներ գտնելն է, նիշեր սահմանելը: Ո՞վ կգա. այս հարցն են քննարկում մեծից փոքր: Հիշե՛ք, քաղաքական կուրսը մշակում է նախագահը, իրականացնում է վարչապետը, այսինքն՝ ոչինչ չի փոխվելու»,- ասաց նա:
Երկու քաղաքագետներն էլ հրաժարվեցին որևէ թեկնածուի անուն նշել, ով, ըստ իրենց դիտարկումների, կարող է վարչապետ նշանակվել:










