Վրաստանում Սլովակիայի պատվիրակության ծաղկեպսակի ժապավենը շփոթել են ՌԴ դրոշի հետ և այրել այն
Վրաստանում սխալմամբ այրել են Սլովակիայի պատվիրակության ճերմակ-կապույտ-կարմիր ժապավենը՝ այն շփոթելով Ռուսաստանի դրոշի հետ, հայտնում է apsny.ge-ն։
Թբիլիսիի Սամգորիի շրջանի ղեկավարի տեղակալ Բեսո Գազդելիանին այն ընկալել է որպես ռուսական դրոշի մաս, քանի որ Ռուսաստանի դրոշի գույները համընկնում են Սլովակիայի դրոշի գույներին։
Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Սլովակիայի պատվիրակությունը գլխավորում է երկրի փոխվարչապետ Միրոսլավ Լայչակը։ Երեկ պատվիրակության անդամների անունից նա ծաղկեպսակ է դրել 1989 թվականի ապրիլի 9-ի զոհերի հիշատակին, որը զարդարել է սպիտակ-կապույտ-կարմիր գույներով ժապավենը։
Գազդելիանին հայտարարել է, թե մտադիր չէ ներողություն խնդրել։ Նրա խոսքով՝ ավելի լավ կլիներ, եթե Սլովակիայի պատվիրակությունը ծաղկեպսակ դներ ոչ թե ռուսական դրոշի գույների ժապավենով, այլ համապատասխան գրությամբ։
«Ես հարգում եմ Սլովակիայի պատվիրակությանն ու Սլովակիան, չնայած դա իրենց սխալն է։ Նրանք պետք է գլխի ընկնեին, որ դա որոշակի արձագանք կառաջացնի։ Ներողություն խնդրելու բան չկա, դա թյուրըմբռնում է և այն խմբի անուշադրության արդյունք, որն այրել է ժապավենը»,- ասել է Գաձելիանին և շնորհակալություն է հայտնել Սլովակիայի պատվիրակությանն ապրիլի 9-ի զոհերի հիշատակը հարգելու համար։










