Սնոուդենը հերքում է, որ 1.7 մլն գաղտնի փաստաթղթեր է գողացել ԱՄՆ կառավարությունից
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը ԶԼՄ-ներին էր փոխանցել էլեկտրոնային լրտեսման ծրագրերի մասին փաստաթղթեր, հերքում է, որ 1.7 մլն գաղտնի փաստաթղթեր է գողացել ԱՄՆ կառավարությունից, այս մասին հայտնում է kommersant.ru-ն։
Ավելի վաղ Պենտագոնի փորձագետները եկել էին այն եզրահանգման, որ Սնոուդենը գողացել է մոտ 1.7 մլն գաղտնի փաստաթուղթ, որոնք վերաբերում են ոչ միայն հատուկ ծառայությունների գործունեությանը, այլև ԱՄՆ-ի զինված ուժերի բոլոր տեսակների գործողություններին։
Սնոուդենը վստահեցնում է, որ այդ թիվը չափազանցված է։ Նրա խոսքով, նման քանակության փաստաթղթերի հասանելիություն նա պարզապես չէր կարող ունենալ հատուկ ծառայություններում աշխատելու ժամանակաշրջանում։
«Ինքնասպանություն կլիներ պահել նման քանակությամբ պետական գաղտնիքներ։ Ամերիկացի պաշտոնյաները գիտեն, որ ես չունեմ 1.7 մլն փաստաթուղթ, սակայն նրանք պարզապես չեն կարող խոստովանել, որ գաղափար չունեն, թե քանի փաստաթուղթ կա իմ մոտ»,- նշել է Սնոուդենը։
Սնոուդենը հայտնում է, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության տվյալների բազան այնքան վատ է պաշտպանված, որ այնտեղից տեղեկություններ կարող է գողանալ նույնիսկ այն «մարդը, ով դուրս է մնացել դպրոցից»։










