ԲՀԿ-ն որևէ մեկի հետ խաղերի մեջ չի մտել երբեք, և չենք մտնի. Ստեփան Մարգարյան
ԲՀԿ-ն որևէ մեկի հետ խաղերի մեջ չի մտել և չի մտնի. այս մասին այսօր քառյակի փակ հանդիպման ընդմիջմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հորդորել է քառյակին՝ խաղերի մեջ չմտնել Սերժ Սարգսյանի հետ։
«Մենք որևէ մեկի հետ խաղերի մեջ չենք մտել երբեք և չենք մտնի։ Ընդհանրապես քաղաքականության մեջ խաղը վատ բան է»,-ասաց նա։
Հարցին, որ եթե ԲՀԿ ծրագրերն ընդունվեն, կուսակցությունը մաս կկազմի՞ կառավարությանը, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի օրակարգում նման հարց այս պահին չկա»։
Իսկ թե առաջարկ եղե՞լ է կոալիցիա մտնելու՝ ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Չէ, ես նույնիսկ չգիտեմ՝ նոր ասացիք, որ իրենք հայտարարել են կոալիցիա։ Ես չգիտեի, որ կոալիցիոն կառավարություն է կազմվում»։
ԲՀԿ պատգամավորը նշեց, թե որքանով ինքն է տեղյակ, կոնսուլտացիայի հրավեր ևս չեն ստացել. «բայց այստեղ պնդում են, որ հրավեր ստացել են, բայց ես տեղյակ չեմ»։
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, որ ապրիլի 28-ին նախատեսված հանրահավաքները պետք է կայանան և այդ դեպքում կարող են իշխանափոխության հասնել՝ Մարգարյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյան ասել է, որ դա իր կարծիքն է, և քառյակն է որոշում իր անելիքները։ «Մենք քառյակով կորոշենք մեր անելիքներն այս իրավիճակում, քննարկում ենք այդ հարցերը»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե երեկ արդեն ՀՅԴ հայտարարել է, որ եթե իրենց յոթ կետանոց ծրագիրն ընդունվի, ապա իրենք մաս կկազմեն նոր ձևավորվելիք կառավարությանը, Ստեփան Մարգարյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել Դաշնակցությանը։ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հրաժարվեց որևէ հարցի պատասխանել։










