ԱՄՆ-ն քննարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման հարցը. Վիկտորիա Նուլանդ
ԱՄՆ իշխանությունները Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով քննարկում են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացման հնարավորությունը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը:
«Այսօր մենք քննարկում ենք Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից շարունակաբար գործադրվող ճնշմանն ի պատասխան հետագա միջոցառումներ ձեռնարկելու հարցը», - Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով հանձնաժողովի լսումներին հայտարարել է Նուլանդը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունները լավ կազմակերպված անջատողական քարոզարշավի և ռուսական հատուկ ծառայությունների իրականացրած սաբոտաժի նախանշաններ են:
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնել է պետքարտուղարի օգնականը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է իր վարչակազմին՝ օգտագործել դիվանագիտության բոլոր հնարավորությունները:










