Այսօր ակնկալվում է Ադրբեջանում հայտնված հայ երիտասարդի վերադարձը Հայաստան
Ակնկալվում է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Արսեն Խոջայանն այսօր կվերադարձվի Հայաստանին, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունն ու նշեց, որ այս պահին արդեն գործընթացն սկսվել է։
Ադրբեջանի զինծառայողների, գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը նշել է, որ այժմ Միջազգային Կարմիր խաչի աշխատակիցները Ղազախի շրջանում բանակցում են հայկական կողմի հետ։
Բանակցություններից հետո Հայաստանի քաղաքացի Արսեն Խոջայանը, հավանաբար, կփոխանցվի Հայաստանին։
Արսեն Խոջայանը հայ-ադրբեջանական սահմանը հատել էր մարտի 7-ին։ Հարցաքննության ընթացքում նա պատմել էր, որ սահմանը հատել է սխալմամբ՝ հոտին արածեցնելու ընթացքում։










