Հայ գերին վերադարձվել է Հայաստան
Սխալմամբ Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանը վերադարձվել է հայկական կողմին։
«Ընդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմն Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին: Ներկայում նրան տանում են Իջևանի հիվանդանոց՝ զննության»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի զինծառայողների, գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը նշել է, որ Միջազգային Կարմիր խաչի աշխատակիցները Ղազախի շրջանում բանակցում են հայկական կողմի հետ, ինչից հետո գերին, հավանաբար, կփոխանցվի Հայաստանին։
Արսեն Խոջոյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել էր մարտի 7-ին։ Հարցաքննության ընթացքում նա պատմել էր, որ սահմանը հատել է սխալմամբ՝ հոտին արածեցնելու ընթացքում։










