Գյուղացիները գոհ են ցրտահարության համար տրվող աջակցությունից, բայց առաջնային խնդիրը վարկերն են

20:58 • 10.04.14

Ցրտահարությունից տուժած գյուղացիները գոհ են Կառավարության կողմից հատկացվելիք աջակցությունից, սակայն նրանց համար շարունակում է առաջնային մնալ վարկային խնդիրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Արարատի մարզի Քաղցրաշեն և Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղերի գյուղապետերը:

 


Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստում տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը նշեց, որ Կառավարությունը պետական աջակցություն կցուցաբերի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի՝ մարտի 30-ին տեղացած առատ ձյան և ցրտահարության հետևանքով տուժած բնակիչներին: Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 750 մլն դրամ՝ ցրտահարությունից տուժած գյուղացիների հողի և ոռոգման ջրի հարկերը փոխհատուցելու համար:


 


«Սերմեր են տալու, կսկսենք մշակել պահուստային հողերը: Ճիշտ է, դա փոքր օգնություն է, բայց առայժմ կթեթևացնի գյուղացիների հոգսերը, վարկերի մասով էլ են ասել, որ ինչ-որ վերաձևակերպում պետք է արվի, ամենակարևորը վարկերն են»,-ասաց Քաղցրաշենի գյուղապետ Վալերիկ Գյուլամիրյանը:

 


Վերջինիս խոսքով՝ առայժմ բանկերը լռում են, և իրենց կողմից ոչ մի առաջարկ դեռևս չկա:

 

Գյուղապետը նաև նշեց, որ գյուղացիներն այս պահի դրությամբ ամեն ինչ էլ կարող են ցանել, որպեսզի ինչ-որ կերպ մեղմեն վնասի չափը:

 


Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի գյուղապետ Հարություն Չեվչյանը նշեց, որ տրվելիք աջակցությունը բավարար չէ: «Սերմացուներ էլ են տալու, տեսնենք՝ ինչ վիճակ կլինի: Վարկերի մասով էլ խոստացել են աջակցել»,-ասաց նա՝ նշելով, որ եթե գոնե այս տարի վարկերը սառեցնեն, լավ կլինի:

 

Գյուղապետը նաև նշեց, որ գյուղացիները տեղեկացվել են Կառավարության կողմից տրվելիք աջակցության մասին: «Գյուղում գրել, կպցրել ենք, որ օգնություն են տալու: Դե՝ մարդիկ ասում են՝ լավ է, ի՞նչ անենք, հիմա որ էդ էլ չտան, ի՞նչ պիտի անենք»,-ասաց նա: