Ռուսաստանցի պատգամավորներն առաջարկել են դատել Գորբաչովին՝ ԽՍՀՄ-ի փլուզման համար

10:43 • 10.04.14

Ռուսաստանցի պատգամավորները ՌԴ-ի գլխավոր դատախազ Յուրի Չայկային առաջարկել են ԽՍՀՄ-ի փլուզումը ապօրինի ճանաչել և պատասխանատվության ենթարկել «անջատողականներին», ԽՍՀՄ-ի առաջնորդ Միխայիլ Գորբաչովին, հայտնում է «Իզվեստիան»:

 

Հարցումը պատրաստած չորս պատգամավորները նշում են, որ ԽՍՀՄ-ի քաղաքացիները հանրաքվեներին ասել են, որ ցանկանում են պահպանել միությունը, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներն ապօրինի գործողություններ են թույլ տվել:  Նրանք նախատեսում են քրգործերի հարուցում, այդ թվում՝ Գորբաչովի դեմ:

 

Նրանք նշում են, որ դեռ 1991-ի դեկտեմբերի 4-ին ԽՍՀՄ-ի Գլխավոր դատախազության Պետանվտանգության օրենքների կատարման վարչությունը գործ է հարուցել Գորբաչովի դեմ, սակայն նրա իսկ ճնշման տակ հաջորդ իսկ օրը նախաձեռնությունը դադարեցվել է:

 

Ըստ պատգամավորների՝ Ուկրաինայի շուրջ զարգացումների ֆոնին այս հարցը բարձրացնելը պարզապես անհրաժեշտություն է:

 

Գորբաչովը մեղադրվում է ԽՍՀՄ-ի պետխորհուրդը ստեղծելու համար, որը նախատեսված չի եղել սահմանադրությամբ՝ որպես իշխանության մարմին: Հենց այս կառույցն է ընդունել մերձբալթյան երկրների անկախացումը, չնայած դրա իրավունքը, ըստ պատգամավորների, չի ունեցել: