Հարավային Կորեան և ԱՄՆ-ն պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները կանցկացնեն

09:49 • 10.04.14

Հարավային Կորեայի օդուժի հրամանատարությունը հայտարարել է ապրիլի վերջին պատմության մեջ ամենախոշոր ամերիկա-հարավկորեական համատեղ զորավարժություններն իրականացնելու մասին, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

 

«Օդուժի միավորումները պետք է բարձրացնեն մարտական պատրաստվածությունն այն իրավիճակում, երբ աճում է լարվածությունը Կորեական թերակղզում»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

 

Զորավարժությունների ընթացքում, որը կսկսվի ապրիլի 25-ից, նախատեսվում է հարվածներ հասցնել ենթադրյալ հակառակորդին, ինչպես նաև գործողություններ իրականացնել թշնամական տարածքում զորքերի ապահովման ուղղությամբ։


Վարժանքներին մասնակցելու է 103 ինքնաթիռ և 1.400 զինծառայող։ Օգտագործվելու են հարավկորեական F-15K, ամերիկյան F-15 և F-16s, ինչպես նաև FA-18 և EA-18 կործանիչներ։

 

Կորեական թերակղզում իրավիճակը սրվել էր Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս հրթիռներ, այդ թվում՝ բալիստիկ, արձակելու փաստով, ինչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի խախտում է։