Հույս ունեմ, որ օլիգարխիան Հայաստանում վերջնական հաղթանակ չի տանի. Նարեկ Գալստյան
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը հույս ունի, որ Հայաստանում օլիգարխիան այդուհանդերձ վերջնական հաղթանակ չի տանի։
«Եթե օլիգարխիան տարավ վերջնական հաղթանակ այս կառավարության ձևավորման արդյունքում, ԱԺ հաջորդ նախագահի արդյունքում, ապա կարծում եմ, որ Հայաստանում իրավիճակը սոցիալական արդարության վերականգնման և ընդվզման առումով բավական լուրջ սրվելու է։ Հույս ունեմ, որ օլիգարխիան Հայաստանում վերջնական հաղթանակ չի տանի, չնայած ՀԱԿ առաջնորդը խոսում էր բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին, բայց կարծում եմ՝ այդ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը օլիգարխների վերջնական հաղթանակի ապահովումն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ Դիտարկմանը, թե այսինքն` օլիգարխիան առաջին փուլում հաղթանակ տարել է, հաստատեց. «Կարծում եմ` այո»։
Նարեկ Գալստյանն ընդգծեց, թե ինչ զարգացումներ կարող են լինել նման հեռանկարից։ «Մտավախություն ունեմ, որ Հայաստանում օլիգարխիան, որ հասարակության չարիքն է, որովհետև այն անպատժելիության մթնոլորտը, որը ստեղծվել է հիմա օլիգարխիայի շուրջ, այն տնտեսական մենաշնորհները, որոնք կան օլիգարխ գործիչների շնորհիվ, այն չարաշահումները, որ անում են, այն բեսպրեդելը, որը ժամանակ առ ժամանակ տիրում է, որը վերջերս իհարկե մեղմվել է քաղաքական հասարակության և լրատվամիջոցների շնորհիվ, այս ամենը չարիք է, և ՀՀ քաղաքացին տեսնում է, որ կրթական ցենզով, ինտելեկտուալ հնարավորություններով ամենևին չի զիջում կամ մի քանի գլուխ առաջ է ընկնում x անձի հետ համեմատած, բայց x անձն անում է այն, ինչ ցանկանում է՝ նրա թիկնապահները, հարազատները, այդ բոլոր հորդան անում է այն, ինչ ուզում է, իսկ ինքը մտածում է վաղը իր երեխայի հացի մասին։ Սա սոցիալական անարդարության ցցուն դրսևորում է 90-ականներից սկսած»,-ասաց նա։
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետի համոզմամբ՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ոչ ոքի համար էլ սպասելի չէր։ «Եվ անակնկալ էր բոլոր քաղաքական ուժերի համար, չնայած առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամին, պետք է լինել ազնիվ և ասել, որ այս պահին չկային հրաժարականի նախադրյալներ, և ավելի խորը ճգնաժամեր են եղել»,-ասաց նա և հավելեց, թե պետք չէ քաղաքագիտական պտուղներ քաղել և ասել, թե իրենք կարողացան ստիպել հրաժարական տալ։
«Համոզված եմ, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականն ամենևին պարտադրված չէր և իր անձնական որոշումն էր»,-ասաց նա։
Նարեկ Գալստյանի խոսքով՝ ցանկացած անձի փոփոխման դեպքում, եթե երկրում չլինեն համակարգային փոփոխություններ, ապա կտրուկ փոփոխություններ սպասել պետք չէ։ Նա հիշեցրեց, որ ՀՀ-ում բազմաթիվ անգամներ են պաշտոնյաներ փոխվել, բայց դրանից իշխանության գործողություների պլանը չի փոխվել։
«Հարուստին ավելի հարստացնելու և աղքատին ավելի աղքատացնելու տրամաբանությունը չի փոխվել։ x օլիգարխին փոխարինել է y օլիգարխը»,-նշեց նա։
Մեր հարցին, թե այսինքն՝ համակարգային փոփոխություն ասելով նկատի ունի նախագահի փոփոխություն, նա բացասական պատասխան տվեց, նշելով, որ նկատի ունի իշխանության գործողության տրամաբանության փոփոխություն։
Նա նաև նշեց, որ ի դեմս Տիգրան Սարգսյանի՝ ՀՀ-ն ունեցել է բարեփոխող վարչապետ։
«Իր վեց տարվա պաշտոնավարման ընթացքում թողել է բավական դրական երևույթներ, մտցրել է քաղաքական հանդուրժողականության նոր մշակույթ, եղել է ամենաքննադատվող վարչապետը, և իր անձի հանդեպ որոշ քաղաքական ուժեր ունեին հստակ տրամադրվածություն, և որևիցե մեկը չի կարող ասել, որ փորձել է իր իշխանական լծակներով լռեցնել»,-նշեց նա։










