Լեհաստանում կհարգեն Սմոլենսկի ավիավթարի զոհերի հիշատակը

09:35 • 10.04.14

Լեհաստանում այսօր սգո միջոցառումներ տեղի կունենան ի հիշատակ նախագահական ինքնաթիռի՝ Սմոլենսկ քաղաքի մոտ կործանվելու 4-րդ տարելիցի, տեղեկացնում է Взгляд-ը։
 

Առավոտից մայրաքաղաքի կենտրոնում՝ նախագահական նստավայրի մոտ, որտեղ բնակվել և աշխատել էր վթարի հետևանքով զոհված լեհ առաջնորդ Լեխ Կաչինսկին, սկսել են մարդիկ հավաքվել։

 

Նախատեսվում են կինոցուցադրություններ, համերգներ, ինչպես նաև մոմերով և ջահերով երթ։
Նմանատիպ միջոցառումներ են կայանալու երկրի տարբեր քաղաքներում։

 

Ավիավթարը շարունակում են հետաքննել ինչպես լեհ, այնպես էլ ռուս քննիչները։


Երկուշաբթի Լեհաստանի գլխավոր ռազմական դատախազությունը հաղորդել էր, որ աշխատանքներ է տանում բոլոր թեզերի ուղղությամբ և ակնկալում է փորձագիտական շուրջ 30 նոր զեկույց, ինչպես նաև ինքնաթիռի մնացորդների և «սև արկղերի» վերադարձ։

 

Հիշեցնենք, որ 2010թ.-ի ապրիլի 10-ին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը, որով լեհական պաշտոնական պատվիրակությունն ուղևորվում էր Ռուսաստան, կործանվել էր Սմոլենսկի մերձակայքում։


Ինքնաթիռում եղել էր 96 մարդ՝ 88 ուղևոր և անձնակազմի 8 անդամ, այդ թվում՝ նախագահը, նրա կինը, Լեհաստանի կառավարության անդամներ։ Նրանք բոլորը զոհվել էին։